Շիրվանզադե Ալեքսանդր՝ Վարդան Ահրումյան | |
Վերջին բառերն արտասանելով, Դանիելն իր խոշոր աչքերը իր տարիքին ոչ համապատասխան լայն ճակատի տակից հառեց ավագ եղբոր նիհար, նեղ ու երկայնաձև երեսին, որ գիտնա ինչ տպավորություն գործեցին նրա վրա: Արշակը, իր երկայն մատներով, հետ մղելով նեղ ճակատի վրա թափված նուրբ ու բարակ մազերը, ծիծաղեց, ցույց տալով իր երկայն ու խոշոր ատամները, որոնք նրա ցցուն դեմքին ձիու տեսք էին տալիս:
— Հիմար ես, ահա թե ինչ, — ասաց նա, ուղղելով մեջքը, որ նիհարության և հասակի բարձրության պատճառով մի քիչ կոր էր, — երազը միայն պառավ կանանց կարող է վախեցնել: Բայց թողնենք այդ հիմարությունները: Ասա խնդրեմ, ինչո՞վ ես ուզում պարապել, քանի որ վաճառականությունից զզվում ես:
— Չգիտեմ, չեմ կարող ասել, առայժմ այսքանն իմացիր, որ վաղվանից այլևս խանութ չեմ գալու:
— Ահա թե ինչ, — գոչեց Արշակը, ավելի ու ավելի զայրանալով, — ուրեմն դու վճռել ես ձրիակեր դառնալ, այո՞: Ուզում ես շլնքիս նստել, այո՞, ուզում ես, որ ես աշխատեմ, դու լափես, հե՞... Եթե այդպես է, այսօրվանից դու այլևս իմ եղբայրը չես, գնա, կորի ուր ուզում ես:
— Մի կատաղի, առանց այն էլ գնալու եմ:
— Բայց ո՞ւր, ո՞ւր...
— Չգիտեմ, երևի մի օր կգիտենաս, — արտասանեց Դանիելը իր տարիքին ոչ համապատասխան սառնասրտությամբ և անցավ առանձին սենյակը, ուր նա տեղավորվել էր իր կրտսեր եղբոր, Սամվելի հետ:
Այն բոլորն, ինչ որ նա ասաց այդ կարճ վիճաբանության ընթացքում, կատարյալ նորություն էր Արշակի համար և միանգամայն անսպասելի նորություն: Մինչև այդ երեկո նա բնավ չէր հետաքրքրվել Դանիելի տրամադրությամբ և առհասարակ չէր զբաղվել նրա հոգեբանությամբ: Նա ենթադրել էր, որ Դանիելն իր հոր կեղծ սնանկության վերաբերմամբ ավելի ներողամիտ է, քան ինքը, կամ կատարյալ հավանություն է տալիս նրան: Այժմ տեսնում էր, որ Դանիելը պարզապես պարսավում է իր հոր արարքը և այն էլ պարսավում է ոչ նրա նյութական արդյունքի փոքրության պատճառով, այլ ուղղակի բարոյական տեսակետից: Անհատական աշխարհայեցողությունների այդ խստորոշ տարբերությունը նորություն լինելով հանդերձ նվաստացուցիչ էր Արշակի համար: Եվ նա զգաց այս բանն ու ինքն իրան խոստովանեց: Հարկավոր էր մի տեսակ արդարացում իր համար, մի տեսակ հանգստություն հոգու խորքում վայրկենաբար առկայծյալ խղճի համար: Եվ նա գտավ այդ հանգստությունը, ինքն իրան ասելով. «Դանիելը պատանի է, նրա գլուխը դեռ տհաս է, կմեծանա, նա էլ ինձ պես կմտածե»:
Մի քանի օր անցած Դանիելը տնից փախավ, անհայտացավ: Մի շաբաթ նրան փնտրեցին, չգտան: